Վերականգնողական կենտրոնի բացման արարողություն Արտաշատ քաղաքում (Մայիսի 06, 2011)
Մայիսի 6-ին, ժամը 10:30-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ "Արաբկիր" Բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնաճյուղ` Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնի բացման արարողությունը


Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արարատի մարզպետ` Էդիկ Բարսեղյանը, Արտաշատի քաղաքապետ` Գագիկ Մուրադյանը, ինչպես նաև Արարատի մարզի բուժաշխատողներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արտաշատի ԵԶՎԿ-ն բժշկական վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրելու Արարատի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Ծառայությունները և խնամքը տրամադրվելու է բազմամասնագիտական թիմի միջոցով`բժիշկ-վերականգնողաբան, ֆիզիկական թերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, լոգոպեդ և հատուկ մանկավարժ:
:Մարզերում գործող կենտրոնների շարքում Արտաշատի ԵԶՎԿ-ն թվով յոթերորդն է: Նմանատիպ կենտրոններ «Արաբկիր» բժշկական համալիրը ստեղծել է նաև Սպիտակ, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Գավառ և Իջևան քաղաքներում:
< Վերադառնալ