Ուրոլոգիա

1


"Արաբկիր" Բժշկական Համալիր - Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի ուրոլոգիայի ծառայությունը խնամք և բուժում է տրամադրում թե' մեծահասակներին և թե' նորածիններին, երեխաներին և դեռահասներին: 

 

Մարդկանց շրջանում տարածում ունի այն թյուր կարծիքը, թե ուրոլոգիական խնդիրներ են ունենում բացառապես տղաները կամ տղամարդիկ: Սակայն պետք է նշել, որ ուրոլոգիան այն մասնագիտությունն է, որն զբաղվում է հավասարապես թե° արական և թե° իգական սեռի ներկայացուցիչների միզուղիների վիրաբուժական հիվանդություններով և տղամարդկանց սեռական (վերարտադրողական) օրգանների խնդիրներով:

 

"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի ստորաբաժանման առաքելությունն է տրամադրել լիարժեք և մասնագիտորեն անաչառ ուրոլոգիական ծառայություններ եվրոպական և ամերիկյան ուրոլոգիական ընկերակցությունների կողմից հաստատված չափանիշներին և ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան: Հանրապետության մակարդակով "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգիայի բաժանմունքը հանդիսանում է ուղեգրման կենտրոն անհետաձգելի և պլանային վիրաբուժական միջամտություն պահանջող ուրոլոգիական խնդիրների համար:  Այն միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի փոխպատավաստում թե´ երեխաների և թե´ մեծահասակների շրջնում: "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ  ուրոլոգիայի թիմը որակյալ բուժում և խնամք է տրամադրում` աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն դարձնելով հնարավորինս փոքրածավալ վիրաբուժական միջամտությամբ բուժում ապահովելուն ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի ուրոլոգիական խնդիրների դեպքում: 

 

1

 

"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ ուրոլոգները կանոնավոր կերպով վերապատրաստվում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի առաջատար բժշկական կենտրոններում և կուտակած փորձն ու հմտությունները հաջողությամբ կիրառում Հայաստանում: Ուրոլոգները սերտորեն համագործակցում են այլ բժիշկների հետ բարդ խնդիրների դեպքում համալիր բուժումն ապահովելու նպատակով:

 

 

Գործունեություն

 

Քանի որ ուրոլոգիական խնդիրների լուծումը հաճախ ներառում է հոգեբանական, դեղորայքային և վիրաբուժական բաղկացուցիչներ, Համալիրում մենք լայնորեն կիրառում ենք հետևյալ հինգ բուժական միջոցները`

 - զրույց և խորհրդատվություն` փոխադարձ լիակատար վստահության մթնոլորտում, 

 - դեղորայքային բուժում,

 - բաց եղանակով կատարվող վիրահատություններ,

 - էնդոսկոպիկ եղանակով ախտորոշում և վիրահատություններ,

 - լապարոսկոպիկ եղանակով ախտորոշում և վիրահատություններ:

 

 

Համալիրում աշխատող փորձառու ուրոլոգները հմտորեն կիրառում են այս եղանակները թե' առանձին, և թե' դրանք զուգորդելով` ըստ այցելուի կարիքների և խնդիրների: Նման մոտեցման շնորհիվ ապահովվում է բուժման հնարավոր լավագույն արդյունքը, հետևաբար` առողջության առավել վերականգնումը և պահպանումը: "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ում Ձեզ կառաջարկվի ճիշտ այն բուժումը, որն անհրաժեշտ է լավագույն արդյունքն ապահովելու համար Ձեր խնդրի դեպքում և ոչ թե այն,  «ինչ կարող է բժիշկը»:

 

 

Նշենք նաև,  որ "Արաբկիր" Բժշկական Համալիրի մասնագետները լայնորեն կիրառում են բժշկության խոշորագույն նվաճումներից մեկը` լապարոսկոպիան միզասեռական համակարգի մի շարք հիվանդությունների բուժման համար` ցանկացած չափի և քանակության միա- կամ երկկողմանի երիկամային կիստաներ, երիկամի հեռացում այս կամ այն պատճառով, երիկամի մասնահատում, քարերի հեռացում երիկամից, միզածորանից, միզապարկից, մակերիկամի հեռացում, շագանակագեղձի հեռացում չարորակ ուռուցքի կապակցությամբ (այսպես կոչված րադիկալ պրոստատէկտոմիա) և այլն: Լապարոսկոպիայի առավելությունները, որոնց թվում են` վերքի բացակայությունը, շատ կարճ հոսպիտալիզացիա, ներհիվանդանոցային խնամք գրեթե չի պահանջվում, շատ արագ վերականգնումը և վերադարձը նորմալ գործունեությանը զուգակցվում են բաց վիրահատությունների առավելությունների հետ (խնդրի միանվագ և լիակատար լուծում, օրգանի և նրա վիճակի մանրամասն գնահատական, հետազոտություններով չհայտնաբերված խնդիրների բացահայտում և անմիջական լուծում, և այլն): Լապարոսկոպիան բժշկագիտության վերջին նվաճումներից մեկն է, որի ժամանակ վիրահատությունները կատարվում են երկու կամ երեք աննշան կտրվածքների միջով օրգանիզմի ներքին միջավայր մտցրած գործիքների և տեսախցիկի օգնությամբ: 

 

 

Ուրոլոգիական միջամտությունների զգալի մասը մեծ հաջողությամբ իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով, ավանդական 15-ից 30 սմ կտրվածքների դարը թողնելով ետևում:

Անշուշտ, այսօր լավագույնը համարվող բուժման այլ եղանակները նույնպես կիրառվում են "Արաբկիր" Բժշկական Համալիրում, ինչպիսին է, օրինակ, շագանակագեղձի ադենոմայի կապակցությամբ կատարվող ներմիզուկային մասնահատումը կամ  հետին միզուկի կափյուրների ներմիզուկային հատումը (ռուսերեն` ТУР): 

 

 

Այսպիսով, մեր գործունեության շրջանակներում կիրառվող ժամանակակից մոտեցումները, բացառիկ ուշադրությունը հիվանդի և նրա կարիքների նկատմամբ, բուժման բոլոր հնարավոր տարբերակների լայն կիրառումը գրավիչ են դարձնում "Արաբկիր" Բժշկական Համալիրը ինչպես հայաստանցիների, այնպես էլ մեր հանրապետության սահմաններից դուրս բնակվող հիվանդների համար: 

 

 

Մասնագիտացման ոլորտներ

 

Ուրոլոգիայի մասին Ձեր պատկերացումն առավել հստակ և ամբողջական դարձնելու նպատակով, կներկայացնենք այն ուրոլոգիական խնդիրները, որոնք ախտորոշվում և բուժվում են "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ում ըստ ենթախմբերի` 

 - մանկական ուրոլոգիա 

 - երիկամների և միզածորանների անոմալիաներ 

 - բնածին հիդրոնեֆրոզ ավազանամիզածորանային հատվածի նեղացման պատճառով 

 - միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս 

 - միզապարկի էքստրոֆիա 

 - հետին միզուկի կափյուրներ 

 - հիպոսպադիա 

 - կրիպտորխիզմ` ամորձիների բացակայությունը փոշտում 

 - միզասեռական համակարգի վնասվածքներ 

 - միզասեռական համակարգի նորագոյացություններ 

 - միզաքարային հիվանդություն 

 - անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող ուրոլոգիական խնդիրներ 

 - միզարձակության խանգարումներ 

 - միզապարկի նեյրոգեն ախտահարումներ 

 - երիկամի փոխպատվաստում 

 - մեծահասակների ուրոլոգիա 

 - միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդություններ, այսինքն` երիկամների, միզապարկի, շագանակագեղձի, ամորձիների չարորակ նորագոյացություններ, 

 -  տղամարդկանց ստորին միզուղիների հիվանդություններ, այդ թվում` շագանակագեղձի ադենոմա (շագանակագեղձի բարորակ գերաճ), միզուկի նեղացումներ, ամորձիների ջրգողություն,

 - միզաքարային հիվանդություն`  միզասեռական համակարգի տարբեր հատվածներում առաջացած քարեր, սկսյալ երիկամներից մինչև շագանակագեղձ,

 - երիկամների հիվանդություններ. կիստաներ, կնճռոտում, հիդրոնեֆրոզ` ավազան-միզածորանային հատվածի նեղացման հետևանքով, բարորակ նորագոյացություններ,

 - միզասեռական համակարգի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ վարակներ, որոնց արդյունքում կարող են ախտահարվել երիկամները` սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ, միզապարկը` ցիստիտ, կարող է զարգանալ միզուկի, ամորձիների և մակամորձիների բորբոքում,

 - քրոնիկական կոնքային ցավի համախտանիշ` պրոստատիտի, (շագանակագեղձի բորբոքում), միզուկի, միզապարկի բորբոքման արդյունքում

 - միզասեռական համակարգի բնածին արատներ, 

 - միզասեռական համակարգի վնասվածքներ,

 - անդրոլոգիա և տղամարդու ամլություն` կատարում ենք սեռական ոլորտի խանգարումների հոգեբանական, դեղորայքային և վիրաբուժական շտկում, ներառյալ էրեկցիայի խանգարումները և իմպոտենցիան, սերմի որակական շեղումների շտկում` պայմանավորված հորմոնալ խնդիրներով, վիրաբուժական և բորբոքային հիվանդություններով (օրինակ` երակների լայնացում կամ վարիկոցելե),

 - կանանց ուրոլոգիա` մեր մասնագիտության այն ուղղությունն է, որի ուշադրության կենտրոնում են  կանանց ուրոլոգիական խնդիրները, կանանց անմիզապահությունը և ուրոլոգիային առնչվող կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումները,

 - նեյրոուրոլոգիա` միզարձակության շեղումներ` պայմանավորված նյարդային համակարգի խանգարումներով, ուրոդինամիկ հետազոտություն,

 - երիկամի փոխպատվաստում: 

 

 

Մեր մասնագետները

 

Մեր մասնագետները բազմիցս կատարելագործել են իրենց հմտությունները և վերապատրաստվել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի լավագույն բժշկական կենտրոններում: Զարգացած երկրներում կուտակված փորձը նրանք հաջողությամբ կիրառում են Համալիրում` ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման, բուժման և հետվիրահատական հսկողության համար: Մեր բժիշկների հետ կարող եք անձամբ ծանոթանալ, ինչպես նաև նրանցից ստանալ սպառիչ պատասխաններ Ձեզ հուզող առողջական հարցերին, եթե այցելեք մեր Համալիրը` նախապես պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

 

 

 

Պրոֆեսոր Արա Բաբլոյան,

"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ի գիտական ղեկավար 

 

 

Մանկական ուրոլոգիական ծառայությունը ներկայացնում են `

 

 - Դոցենտ Սահակ Առաքելյան, բ.գ.թ., մանկական վիրաբույժ-ուրոլոգ , ծառայության       

ղեկավար

 

 - Բշիշկ Կարլեն Ղուշչյան, մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բաժանմունքի վարիչ

 

 - Դոցենտ Կարապետ Շաքարյան, բ.գ.թ., մանկական վիրաբույժ-ուրոլոգ

 

 - Բժիշկ Սերգեյ Բաբլոյան, մանկական վիրաբույժ-ուրոլոգ

 

 - Բժիշկ Ալբերտ Լալազարյան, մանկական վիրաբույժ-ուրոլոգ

 

 

Մեծահասակների ուրոլոգիական ծառայությունը ներկայացնում են `

 - Դոցենտ Ռուբեն Հովհաննիսյան, բ.գ.թ., Մեծահասակների ուրոլոգիական ծառայության ղեկավար

 - Բժիշկ Կարինա Առաքելյան, ուրոլոգ

 

 

Ձեռքբերումներ

 

Մեր ձեռքբերումները բազմաթիվ են և ներառում են ուրոլոգիայի բոլոր ոլորտները: Սակայն կա մի ոլորտ, որը գերակա է մեզ համար: Դա լապարոսկոպիկ ուրոլոգիան է, որտեղ նույնպես ունենք բազմաթիվ նվաճումներ: Լապարոսկոպիայում ունեցած մեր  փորձի շնորհիվ ուրոլոգիական վիրահատությունների գրեթե ողջ ծավալը իրականացնում ենք լապարոսկոպիկ եղանակով` կախված ցուցումներից:  

 

 

Համագործակցություն

 

Մենք սերտորեն համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների հետ`  

 - Անտվերպենի համալսարանական հիվանդանոց

 - Նյու Յորքի Կոլուբիա Համալսարան, ԱՄՆ 

 - Լիոնի մոր և մանկան հիվանդանոց, Ֆրանսիա

 - Փարիզի Նեկեր մանկական հիվանդանոց, Ֆրանսիա 

 

 

Տեղեկություն հիվանդի համար 

 

Մանկական վիրաբույժ-ուրոլոգների հետ արտահիվանդանոցային այցելության նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել` (37410) 238 526, ներքին համար` 141

 

Մեծահասակների ուրոլոգիական ծառայության ուրոլոգների հետ արտահիվանդա-նոցային այցելության նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել`

 - Դոցենտ Ռուբեն Հովհաննիսյան, բ.գ.թ., Մեծահասակների ուրոլոգիական ծառայության ղեկավար

հեռ. (37410) 236 524, Էլ.փոստ` hovhannisyanr@armtelemed.org

 - Բժիշկ Կարինա Առաքելյան, ուրոլոգ

հեռ. (37410) 236 524, Էլ.փոստ` arakelyan_karina@yahoo.co

 

Դեպի Էջի սկիզբ