Էնդոկրինոլոգիա և շաքարային դիաբետ

Էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներքին ներզատական գեղձերի ֆիզիոլոգիան և խանգարումները: Էնդոկրինոլոգիայի, հատկապես մանկական էնդոկրինոլոգիայի կարևորագույն խնդիրներից է շաքարային դիաբետը:
"Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ում էնդոկրինոլոգիայի ծառայությունը խորհրդատվություն և բուժում է տրամադրում էնդոկրին խնդիրներով երեխաներին և մեծահասակներին: Ծառայության առանցքային բաղկացուցիչն է դիաբետոլոգիայի ծրագիրը, որն սկսել է գործել 1996թ-ին` "ՍԵՄՌԱ" հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել շաքարային դիաբետով երեխաներին մարդկային ինսուլինով, ինքնահսկողության ժամանակակից միջոցներով, յուրաքանչյուր ամիս իրականացնել երեխաների առողջական վիճակի վերահսկողություն` հիվանդության արդյունքում առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու, շաքարային դիաբետով երեխաների և դեռահասների կյանքի որակը բարելավելու նպատակով: Ծրագրի շրջանակում հիմնադրվել է Շաքարային դիաբետի դպրոց, որի գործունեության նպատակն է երեխաների և նրանց ծնողների համար ինքնահսկողության եղանակների, համապատասխան սննդակարգի ընտրության և այլ թեմաների մասին կրթական դասընթացների կազմակերպումը: Մեր ծառայությունից օգտվող երեխաներն ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային ճամբարում, ինչը մեծապես նպաստում է նրանց սոցիալական ինտեգրմանը և ինքնուրույնությանը: Ճամբարում գտնվելու ընթացքում երեխաներն ինքնուրույն կատարում են ինսուլինի ներարկում, իրականացնում արյան և մեզի մեջ գլյուկոզայի մակարդակի նկատմամբ ինքնահսկողություն, մասնակցում կազմակերպվող ֆիզիկական և տարբեր այլ զարգացման ու ժամանցային վարժանքների:
Ծրագրում ներգրավված բուժանձնակազմը բազմիցս վերապատրաստվել է Շվեյցարիայի բժշկական համալսարանական հիվանդանոցներում:
2005թ.-ից սկսած "Արաբկիր" ԲՀ-ԵԴԱԻ-ում կատարվում է նորածնային սկրինինգ, որն իրականացվում է բնածին հիպոթիրեոզը վաղ հայտնաբերելու նպատակով: Բոլոր հայտնաբերված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ "ԱրԲեՍ" ԱԿ-ում:
Մասնագիտացման ոլորտներ
- շաքարային դիաբետ,
- վահանաձև գեղձի հիվանդություններ (հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ, աուտոիմուն թիրեոիդիտ),
- հարվահանաձև գեղձերի հիվանդություններ,
- հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ (ոչ շաքարային դիաբետ, հիպոֆիզար նանիզմ և այլն),
- մակերիկամների հիվանդություններ (ադրենոգենիտալ համախտանիշ, Ադիսոնի հիվանդություն և այլն),
- սեռական գեղձերի հիվանդություններ` կրիպտորխիզմ և առաջնային և երկրորդային հիպոգոնադիզմ,
- ճարպակալում,
- այլ էնդոկրինոլոգիական խնդիրներ:
Մեր անձնակազմը

Բժիշկ Իրինա Մարության, էնդոկրինոլոգ
Աննա Հովսեփյան, բուժքույր-դիետոլոգ
Գայանե Մանուկյան, բուժքույր
Համագործակություն
"ՍԵՄՌԱ" հիմնադրամ, Շվեյցարիա
ՆԱՖ ասոցիացիա, Բելգիա
Անմիջական օգնություն ընկերակցություն, Շվեյցարիա
ՀՀ առողջապահության նախարարություն
Տեղեկություններ հիվանդի համար
Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել` (37410) 262 950
հասցե` Երևան 0012, Փափազյան 32