Ծրագրեր
Իր առաքելությունն ու նպատակներն իրականացնելու համար «Արաբկիր» ՄՄԲՀ-ն գործունեություն է իրականացնում հետևյալ ուղղություններով`
երեխաների առողջությունն ապահովելու նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատում, - մանկական հիվանդությունների ախտորոշման, բուժման, վերականգնման և երեխաների հիվանդությունների կանխարգելման միջազգային լավագույն փորձի և արդիական մեթոդների ուսումնասիրում և ներդնում,
- բժշկա-սոցիալական ծրագրերի մշակում և ներդնում,
- քրոնիկ հիվանդություններով և հատուկ կարիքներով երեխաների բուժման կազմակերպում` հնարավոր բարդությունները կանխարգելելու և հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրումն ապահովելու նպատակով,
- բժիշկների, բուժքույրերի և այլ մասնագետների շարունակական կրթական ծրագրերի իրականացում,
- բժշկական հաստատությունների շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության բարելավում, ինչպես նաև բժշկական հաստատություններին բժշկական սարքավորումների և դեղորայքի տրամադրում:
«Արաբկիր» ՄՄԲՀ-ի հովանավորությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում` հիմնադրվել է «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, ամբողջությամբ վերակառուցվել և վերանորոգվել են ճառագայթային հետազոտության, ուռոլոգիայի, մանկական վիրաբուժության, նեֆրոլոգիայի, հեմոդիալիզի բաժանմունքները, ինչպես նաև վիրահական բլոկն ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, Ստեղծվել են «Հիվանդի ընտանիքի տունը», որը նախատեսված է հեռավոր շրջաններից եկած հիվանդների և նրանց ծնողների համար, և «Հիվանդանոցային դպրոցը», որն ապահովում է երեխաների շարունակական ուսումնառությունն հիվանդանոցում գտնվելու ժամանակ: Աշխատակիցների երեխաների համար ստեղծվել է մանկապարտեզ: Հիմնադրվել է հոգեբանասոցիալական ծառայությունը, որն աջակցություն է տրամադրում երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին: Կառուցվել է «ԱրԲեՍ» Ցերեկային բուժման և խնամքի կենտրոնը, վերանորոգվել և կահավորվել են մանկական ինֆեկցիոն, կրծքի հասակի, Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքները: Կառուցվել է նոր մանկաբուժական բաժանմունքը, որտեղ տեղակայված են ընդհանուր մանկաբուժության, էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության և թոքային բաժանմունքները:
Ներկայումս մեզ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը հետևյալ ծրագրերն իրականացնելու համար`
-
Բնածին և ձեռքբերովի մտավոր, ֆիզիկական, լսողության կամ խոսքի զարգացման խանգարում ունեցող երեխաների անվճար վերականգնողական բուժօգնության կազմակերպում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում:
-
Ամառային ամիսներին հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված Ապարանի ամառային առողջարանային ճամբարում շարունակական բուժման պայմաններում հանգստի կազմակերպում:
-
Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային պայմաններում տրամադրվող բուժական օգնության կազմակերպման բարելավում:
-
Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անհրաժեշտ բժշկական պարագաներով և դեղորայքով ապահովում:
- «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ճառագայթային ախտորոշման բաժանմունքում համակարգչային տոմոգրաֆի տեղադրում (սարքի ներկրում, վերակառուցման աշխատանքներ և սարքի տեղադրում):
-
Հանրապետական մանկական պաթանատոմիական ծառայության աշխատանքային պայմանների բարելավում:
-
Բժիշկների, բուժքույրերի, մասնաճյուղերի վերականգնողական բժշկության աշխատակազմի մասնագիտական կատարելագործման ծրագրերի իրականացում:




