Իրականացված ծրագրեր


«Առողջ սկիզբ» ծրագիր
Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության (ԴԱՆԻԴԱ) հովանավորությամբ 2006թ. սկսած իրականացվում է "Առողջ սկիզբ" ծրագիրը` համագործակցելով "Առաքելություն Արևելք" դանիական միջազգային օգնության և զարգացման հասարակական կազմակերպության, "Հույսի կամուրջ", "Նուռ" ՀԿ-ների հետ: Ծրագրի նպատակն է բարելավել հատուկ կարիքներով երեխաների առողջությունը և բարեկեցությունը: Ծրագրի առաջին փուլը, որն իրականացվել է Արմավիր մարզում ավարտվել է 2008թ. նոյեմբերին: Ծրագրի շրջանակում ստեղծվել է Երեխայի զագացման և վերականգնողական կենտրոն Արմավիր քաղաքում: Կենտրոնի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով վերապատրաստվել է աշխատող անձնակազմը: Վերապատրաստվել են նաև առաջնային բժշկական օղակի բժիշկները և բուժքույրերը: Մարզի մակարդակով ներդրվել է հատուկ կարիքներով երեխաների հայտնաբերման և հսկողության նոր համակարգ, որը հնարավորություն է տրամադրում ճշգրիտ տվյալներ հավաքագրել մանկական հաշմանդամության վերաբերյալ:

Դեռահասների առողջություն
Ներկայումս Հայաստանում դեռահասների առողջությունը և զարգացումը հանրային առողջապահության ոլորտի առաջնայնություններից է: Առկա բոլոր տվյալները փաստում են երիտասարդ անձանց ուղղված միջամտությունների անհրաժեշտության մասին: 2005թ. սկսած Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը   համագործակցում են դեռահասների առողջության ոլորտում:
 
Դեռահասներին բարյացակամ առողջապահական ծառայությունների (ԴԲԱԾ) մասին հայեցակարգը մշակվել և հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2005թ.: 2005-2006թթ. իրականացված Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության արդյունքում հավաքագրվել են կարևոր և երբեմն իրարամերժ տվյալներ ընդհանուր առողջական վիճակի, խնամք ստանալուն ուղղված վարքագծի, սնուցման, հոգեկան առողջության, վերարտադրողական և սեռական առողջության, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների վերաբերյալ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ Դեռահասների առողջության ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործողությունները`

  • դեռահասների առողջության մասին ԱՀԿ-ի կողմնորոշիչ ծրագրի (ԿԾ) հաստատում,
  • 2005-2006 թթ. ԿԾ հիման վրա անձնակազմի ընդգրկուն վերապատրաստում,
  • ԴԲԱԾ չափորոշիչների նախնական տարբերակի մշակում (2006թ),
  • դեռահասների առողջությանը վերաբերող օրենսդրության համապարփակ վերլուծություն (2006թ),
  • քաղաքականություն մշակողների, առողջապահության և կրթության ոլորտում աշխատող մասնագետների, բնակչության  իրազեկում դեռահասների առողջությանը վերաբերող խնդիրների մասին,
  • երիտասարդների առողջության խնդիրների մասին լսումներ Ազգային ժողովում (2007թ. նոյեմբեր),
  • չափորոշիչների  փորձարկում  3 պիլոտային տեղանքներում և կենտրոնների հագեցում սարքավորումներով,
  • իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված արշավ (դեռահասների համար հեռուստածրագրերի շարք, թեմատիկ բուկլետների և պաստառների մշակում),
  • բժշկական համալսարանների ուսանողների, բժիշկների և բուժքույրերի համար կրթական մոդուլների մշակում,
  • դեռահասների առողջության հիմնական սկզբունքների ընդգրկում Առողջապահության ոլորտի կրթական հաստատությունների ծրագրերում,
  • 2009-2015թթ. Երեխաների և դեռահասների առողջության ազգային ռազմավարության մեջ դեռահասների առողջության խնդիրների ներառում: 

Շարունակական բժշկական ուսուցում

2005թ. ԵԴԱԻ-ն, համագործակցելով «Սի. Օ. Էյ. Էֆ. Հայստանի մանուկներ» հիմնադրամի հետ, իրականացրել է «Քարակերտ գյուղի ենթակառույցների զարգացման համայնքային և մարզային բուժաշխատողների գիտելիքների և մասնագիտական հմտությունների բարելավման ծրագիր»-ը Հայաստանի Արմավիր մարզում: Ծրագրի շրջանակում մանկաբուժության ոլորտի փորձագետների կոմղից մշակվել են մանկական հասակի ամենատարածված հիվանդությունների վարման ուղեցույցներ: 2005թ. ապրիլից հունիս ամիսներին փորձարկվեց աշխատանքային տեղում վերապատրաստման դասընթացը, որն էլ հետագայում ներդրվեց ամբողջ հանրապետությունում:

Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային սեմինար

Սեմինարը, որը կազմակերպվել էր ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, անցկացվել է 2006թ. նոյեմբերի 22-23: Սեմինարին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության, Մխիթար Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի, Առողջապահության ազգային ինստիտուտի, մարզային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ և բուժաշխատողներ: ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցները ներկայացրել են երեխաների և դեռահասների առողջության և զարգացման Եվրոպական ռազմավարությունը, դրա մշակման գործընթացը և ռազմավարույթան գործիքները: Հայաստանում երեխաների և դեռահասների առողջության իրավիճակի վերլուծությունը, գործող ռազմավարությունները և քաղաքականությունները ներկայացվեցին Կ. Սարիբեկյանի, ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետի կողմից: Պրոֆեսոր Արա Բաբլոյանը` ՀՀ առողջապահության նախարարության երեխաների և դեռահասների առողջության գլխավոր մասնագետը ներկայացրեց Հայաստանում ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և երեխաների և դեռահասների առողջության ոլորտի առաջնայնությունները:

Երեխաների առողջության ազգային ֆորում

2003թ. ԵԴԱԻ-ի, Երեխաների առողջապահական խնամքի ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվեց Երեխաների առողջության ազգային ֆորումը, որը Հայաստանում երեխաների առողջության ոլորտում մեծ նշանակություն ունեցող իրադարաձություն էր: Քաղաքականություն մշակողները, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցեցին ֆորումին մանկական առողջության ոլորտին վերաբերող գաղափարներ փոխանակելու, ռազմավարություններ և առաջարկություններ մշակելու նպատակով: