Հիվանդի և նրա ընտանիքի համար

«ԱրԲեՍ» ԱԿ-ն տրամադրում է մի շարք արտահիվանդանոցային ծառայություններ, այդ թվում` վերականգնողական, մանկաբուժական, ատամնաբուժական և հոգեբանասոցիալական ծառայություններ, ինչպես նաև հիվանդի և նրա ընտանիքի անդամների համար նախատեսված կրթական ծրագրեր: Մտավոր, ֆիզիկական, հոգեբանասոցիալական, ուսումնական և վարքագծային խնդիրներով երեխաներին խնամք տրամադրելը երկարատև գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ մասնագետների միահամուռ աշխատանք: Վերականգնողական ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի անդամների համագործակցության շնորհիվ: Թիմի անդամները` բժիշկ-վերականգնողաբանը, զարգացման մանկաբույժը, նյարդաբանը, հոգեբույժը, ինչպես նաև` ֆիզիկական թերապիստը, էրգոթերապիստը, հոգեբանը, լոգոպեդը և հատուկ կրթության մանկավարժը` վերապատրաստված լինելով Հայաստանի և արտասահմանյան երկրների առաջատար կենտրոններում, հմտորեն կիրառում են վերականգնողական բուժման նորագույն մեթոդներն իրենց մասնագիտական գործունեության մեջ: Անձնակազմի առանձնահատուկ վերաբերմունքը երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, ընդհանուր բարյացակամ մթնոլորտը, ինչպես նաև հագեցվածությունն անհրաժեշտ վերականգնողական սարքավորումներով առավել արդյունավետ են դարձնում փոքրիկներին տրամադրվող ծառայություններն ու խնամքը:

«ԱրԲեՍ» ԱԿ-ում ծառայություններ են տրամադրվում զարգացման հապաղումներ, նյարդաբանական և հենաշարժական ապարատի խնդիրներ, ինչպես նաև շաքարային դիաբետ ունեցող երեխաներին:

«ԱրԲեՍ» ԱԿ-ում հատուկ կարիքներով երեխաներին տրամադրվող բժշկական, հոգեբանական և հատուկ կրթական ծրագրերն իրականացվում են բազմամասնագիտական մոտեցման հիման վրա: Հայտնի է, որ հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերումը, գնահատումը և վաղ միջամտությունը, համապատասխան խնամքը, բժշկասոցիալական վերականգնումը, ինչպես նաև նրանց և ծնողների կրթումը լավագույն նախապայմաններն են` երեխաների սոցիալական ինտեգրումն ու բարեկեցությունն ապահովելու համար: Վերոհիշյալ գործընթացներն իրականացնելով` կարելի է ապահովել յուրաքանչյուր հատուկ կարիքներով երեխայի ներուժի առավելագույն զարգացումը: